Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջազգային կառույցներին կդիմենք
Հայկական կողմը աշխատանք է տանում ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջազգային կառույցներին դիմելու համար, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ընդդիամդիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ունենալով աղաղակող ապացույցներ՝ ինչո՞ւ հայկական կողմը դրանք չի դնում շրջանառության մեջ և ինչո՞ւ հատուկ խումբ չի ստեղծվում:Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր քայլերն այս օրերին ուսումնասիրվում են: «Առանց պաթոսի լրջագույն աշխատանք ու ուսումնասիրություններ պետք է տարվեն: Հիմա ուսումնասիրվում են, թե միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ հնարավորություն կա: Այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, ամենատարբեր կոնվենցիաների խախտում էր, ռազմական հանցագործություններ կան՝ կապված խաղաղ բնակչության հետ»,- ասաց նախարարը:Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային քրեական դատարան դիմելու հետ կապված հարցերն են ուսումնասիրվում, չնայած որ Հայաստանը ստորագրել, բայց չի վավերացրել Հռոմի կոնվենցիան: Իսկ Թալիշում տեղի ունեցած վայրագությունների դեպքերով ՄԱԿ-ի մարմիններ դիմելու ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հնարավորություն կա:
