ՕԵԿ-ը կառավարությանը նախապայման է առաջադրել
Օրինաց երկիր խմբակցությունը կքվեարկի վարկային համաձայնագրի օգտին միայն այն դեպքում, եթե կառավարությունն այդ միջոցները հատկացնի սահմանամերձ շրջանների խնդիրները լուծելու համար: Այս մասին ԱԺ-ում ապրիլի 6-ին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Միջազգային վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի հետ «Պետական սեկտորի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ: Բիշարյանի խոսքով, ԼՂՀ ու Ադրբեջաանի ԶՈւ շփման գծում ստեղծված իրավիճակում ակնհայտ դարձան ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ սպառազինման հետ կապված խնդիրները: «Եթե կառավարությունը խոստանա, որ այդ գումարը կհատկացվի այդ խնդիրների լուծմանը, ապա մենք կողմ կքվեարկենք այս վարկային համաձայնագրին, իսկ եթե նման հնարավորություն չկա, ուրեմն մեր խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ այդ վարկը նպատակահարմար չենք համարում: Ավելի ուշ դուք մեկ այլ վարկ կգտնեք ու այն կուղղեք պետսեկտորի արդիականացմանը»,- նշել է պատգամավորը, հավելելով, որ ԱԺ-ում չի գտնվի մի պատգամավոր, որը դեմ կարտահայտվի իր առաջարկին:
