Նյու Յորքում բացատրություն ենք տվել

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈւՆԻՖԻԼ և ՄԻՆՈւՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում, այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ուրբաթ օրը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովում:

«Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային-մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ», - պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Տոնոյանը:

Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարեփոխումների օրակարգին: «Ներկայում մենք աշխատում ենք 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ Այս առաջարկ-հայտերը պատշաճ կերպով հայտարարագրվել են, և ակնկալում ենք համապատասխան ստուգման ընթացակարգերի ավարտին պաշտոնապես բարձրացնելու մեր կարողությունները՝ դարձնելով դրանք հնարավորինս արագ տեղակայելի», - ասել է Տոնոյանը:

«Մեր գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ գործընկերների աջակցության շնորհիվ մենք զարգացնում ենք ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունները՝ ապահովելու մեր ուժերի պատշաճ պատրաստվածությունը նախքան խաղաղապահ առաքելություններում տեղակայումը: Նպատակ ունենք այս ուսումնական կարողությունը դարձնելու միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն և այն մատչելի դարձնել այլ երկրների խաղաղապահների համար», - նշել է նախարարը:

Նա հայտնել է, որ անցյալ ամիս Հայաստանի կառավարությունն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիրը: Փաստաթղթում առաջնահերթություն է տրվում կանանց վերապատրաստման և կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ խաղաղության պահպանման, ինչպես նաև խաղաղության ամրապնդման ուղղված աշխատանքներում իրենց ներգրավվածությունը մեծացնելու հեռանկարով:

«Մենք արդեն ունենք Կոսովոյում ԿՖՈՐ և Աֆղանստանում՝ Վճռական աջակցություն առաքելություններում տեղակայված կին զինծառայողներ, ավելի մեծ թվով կանայք շուտով կտեղակայվեն ՅՈւՆԻՖԻԼ առաքելության կազմում 2019թ. ամռանը նախատեսվող հաջորդ հերթափոխի ընթացքում՝ Միացյալ Ազգերի կողմից սահմանված 15 տոկոս թիրախը ապահովելու նպատակով», - ասել է նախարարը:
«Հոկտեմբերին Հայաստանը մայրաքաղաք Երևանում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր 84 անդամ պետությունների, դիտորդների և ասոցացված անդամների։ Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, ի թիվս Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այլ ոլորտներում համագործակցության, ճանաչում է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ֆրանսախոս երկրներում խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը և կոչ է անում շարունակել ջանքերը ֆրանսախոս անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում գոհունակությամբ նշում եմ, որ Ալյանս Ֆրանսեզի աջակցությամբ Հայաստանը նախաձեռնում է լեզվի ուսուցման հատուկ ծրագիր խաղաղապահների համար, և քայլեր ենք ձեռնարկում ֆրանսերեն թարգմանիչների պատրաստման համար՝ աջակցելու խաղաղապահ գործողություններին», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր, Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ:
Ըստ ամենայնի Տոնոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովում իր ուղերձներով, երկկողմ հանդիպումներով փորձում է ցրել Հայաստանի հանդեպ Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների դժգոհությունը՝ Սիրիայում հայկական ներկայության համատեքստում:

Իհարկե, նյույորքյան այցում սիրիական «գործոնի» մասին հիշատակումը, կարծես, հստակեցնող, պարզաբանող բնույթ ունի, այդ իսկ պատճառով, Տոնոյանը շեշտում է, որ ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ու ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի է հայկական առաքելությունը հայտնվել Սիրիայում՝ ազգային-մարդասիրական առաքելությամբ:
Միացյալ Նահանգները, թեև դեսպանի մակարդակով հայտարարեցին, որ հասկանում են իշխանությունների պատճառաբանությունները, սակայն, այնուամենայնիվ, փաստը, որ այդ առաքելությունում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, քիչ է հետաքրքրում Վաշինգտոնին, հարցը աշխարհաքաղաքական է և Հայաստանի հավանաբար, բացատրություններ դեռ շարունակում են ակնկալել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2219 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am