Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու և տանկերի թվի մեջ չէ. Սերժ Սարգսյան
Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով սպառազինությունների մասին հարցին: «Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։ Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պրոցեսի վրա: Միայն մի բան կարող եմ ասել, այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են: Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, ու մենք ինչքան կորուստներ ունենք: Մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել՝ չեք կարող գտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
