Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը՝ Չավուշօղլուին
Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի:
