Եվրամիությունը չի կարող իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր ունենալ. Աշոտյան
Հայաստանի համար կարևոր է, որ Եվրամիության ու Ադրբեջանի միջև Համապարփակ համագործակցության համաձայնագրի՝ Արցախի հիմնահարցին վերաբերող դրույթները համադրելի լինեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում Արցախի վերաբերյալ տեղ գտած դրույթների հետ, այսօր «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. 10 տարի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայտնի է, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը վերջնականացնում են Համապարփակ համաձայնագրի նախաստորագրման արարողությունները։ Մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները, լինեն համադրելի, եթե ոչ նույնը։ Քանի որ Եվրամիությունը չի կարող իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր ունենալ։ Սա հարց է, որ դրվել է ու այսօրվա իշխանությունների կողմից էլ պիտի դրվի ԵՄ գործընկերների առջև», - ասաց Արմեն Աշոտյանը։
