ՆԱՏՕ-ն կմոտենա Հայաստանի սահմաններին

Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում մեկ շաբաթ առաջ մեկնարկեցին ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Զորավարժություններին, Վրաստանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո հետևել է նաև Յենս Ստոլտենբերգը:

Հայաստանն, հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող այդ վարժանքներին չի մասնակցում: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ զորավարժություններում խաղարկվող սցենարը հայկական կողմի համար արդիական չի եղել:

Ահա, Հայաստանի հարևան Վրաստանի վերաբերյալ մի շարք կարևոր հայտարարություններ հնչեցին այս օրերին, մասնավորապես, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Թբիլիսիում վերստին հստակ ու անվերապահ հաստատեց, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: «Այս հարցին համաձայնություն են տվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, և որևէ մեկը դրան չի կարող խոչընդոտել», ասաց Յենս Ստոլտենբերգը, ով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող բազմազգ զորավարժություններին հետևելու համար:
«Վրաստանը երկրորդ անգամ է նման կարևոր միջոցառում անցկացնում իր տարածքում՝ ի ցույց դնելով, թե ինչպես են իր զինված ուժերը կողք-կողքի համագործակցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու դաշնակիցների հետ: Վրաստանը առանձնահատուկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Անցած ամռանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները վերահաստատեցին 2008-ին Բուխարեստում ընդունված որոշումը՝ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»:

11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած այդ գագաթնաժողովում էր, որ ռազմական դաշինքը Վրաստանին ու Ուկրաինային խոստացավ անդամակցության գործողությունների պլան տրամադրել: Ամիսներ անց՝ օգոստոսին, մեկնարկեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ռուսական զորքերը հայտնվեցին Թբիլիսիի մատույցներում, իսկ պատերազմի ավարտին Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ - «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք նաև կիսում ենք Վրաստանի մտահոգությունը Սևծովյան տարածաշրջանում ռազմական ներուժն ամրապնդելու՝ Ռուսաստանի քայլերի առնչությամբ: Եվ հենց այդ պատճառով մենք սերտացնում ենք համագործակցությունը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի միջև»:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ Թբիլիսին հաստատակամ է շարունակել բարեփոխումները՝ օր առաջ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար: «Մենք այդ ցանկությունը նաև մայր օրենքով՝ Սահմանադրությամբ ենք ամրագրել՝ փաստելու, որ որոշումն այլևս անշրջելի է», - ասաց Մամուկա Բախտաձեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:
«Վրաստանի հասարակության մեծ մասը աջակցում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իշխանությունների ծրագրին: Դա ևս մեկ ապացույց է, որ այդ որոշումը ոչ թե լոկ քաղաքական քայլ է, այլ ընտրություն, որը հիմնված է մեր համընդհանուր արժեքների վրա», - նշեց Բախտաձեն:

Վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ռուսաստանը չի կարող խոչընդոտել Վրաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով դաշինքի ընդարձակման դեմ Մոսկվայից շարունակաբար հնչող կոշտ հայտարարությունները: «Յուրաքանչյուր պետություն ազատ է անվտանգության այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու հարցում, և սա հիմնարար սկզբունք է մեզ համար», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ դրան նաև Ռուսաստանն է տվել իր համաձայնությունը: «Վրաստանն է, որ պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչից հետո ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները կորոշեն, թե երբ ենք մենք պատրաստ ընդունել Վրաստանին: Որևէ այլ երկիր այս հարցում ասելիք չունի: Ես ինքս գալիս եմ փոքր, Ռուսաստանի հետ հյուսիսից սահմանակցող երկրից՝ Նորվեգիայից, և 1949-ին, երբ Նորվեգիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, Ստալինին դա դուր չեկավ, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, ՄԹ-ը, Ֆրանսիան, ասացին՝ ոչ, Ստալինը չէ, որ պետք է այս հարցը որոշի, այլ՝ Նորվեգիան և ՆԱՏՕ-ն: Հիմա ճիշտ և ճիշտ նույն պատմությունն է», - ասաց Յենս Ստոլտենբերգը:
Ռազմական դաշինքի քարտուղարը մի քանի անգամ ընդգծեց՝ Վրաստանը հսկայական քայլեր է արել բարեփոխումների ուղղությամբ, սակայն անդամակցության ժամկետներ, այդպես էլ չնշեց: Ստոլտենբերգը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե հնարավո՞ր է՝ Թբիլիսին անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունները կարգավորելու:

Վրացի առաջնորդներն առավել կտրուկ էին՝ այս հարցում. «Այն, որ Ռուսաստանը շարունակում է մեր տարածքների օկուպացիան, չպետք է խոչընդոտ դառնա՝ Վրաստանի անդամակցության համար», նշեց վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ի դեպ, հիշեցնենք, մինչև Վրաստանում ընթանում էին ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում ունեցան Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Նրանք քննարկել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Փաշինյանն ու Բախտաձեն ընդգծել էին հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Փաշինյանի և Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am