Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» ձևաչափի փոփոխությանը․ Լուկաշևիչ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Մինսկի խմբի համանախագահող «եռյակի» ձևաչափի փոփոխությանը ու հակաարդյունավետ է համարում նրանց դերը խաթարելու փորձերը: «Եռյակի ձևաչափը, որի դերն ամրագրված է ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ ԱԽ-ի որոշումներում, գործուն է ու չի պահանջում ուղղում։ Հակաարդյունավետ ենք համարում համանախագահների դերը ու նրանց աշխատանքը խաթարելու փորձերը, ինչը կարող է միայն բարդացնել առանց այն էլ բարդ կարգավորման գործընթացը։ Համոզված ենք, որ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» օգնությունը փոխզիջումային որոշումների առաջընթացի հարցում պահանջված է, ինչն անհրաժեշտ է բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- ընդգծել է նա։
