«Թող Շիրխանյանը 2 հարցի պատասխանի. Ի՞նչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը, և որտե՞ղ էր ինքը Հոկտեմբերի 27-ին». Գառնիկ Իսագուլյան
Երեկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ նամակում տեղ գտած պնդումները 168 ժամը խնդրեց մեկնաբանել 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2004-2009թթ. ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ներկայումս՝ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանին։ 1992թ. հունիս ամսին Ստեփանակերտի հրապարակի և մարզադաշտի՝ Շահումյանից և Մարտակերտից 35000 փախստականներով լցված լինելու, նրանց՝ իր՝ Վահան Շիրխանյանի առաջարկով Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում տեղավորելու, Քոչարյանի մերժման, փախստականներին Հայաստան հետ ուղարկելու, իր Ստեփանակերտ վերադարձի ու Ռ. Քոչարյանին «անասուն» անվանելու մասին։
Ես զարմանում եմ Արմեն ու Արամ Սարգսյանների վրա, որ էս կարգի մարդկանց թույլ են տալիս իրենց հետ ընկերություն անել։ Հարցը ոչ Սերժ Սարգսյանն է, ոչ Ռոբերտ Քոչարյանը, այլ այն, որ կան մարազմատիկ մարդիկ, ովքեր կյանքում ոչինչ չեն արել, իրենց ողջ գործունեությունը եղել է միայն մատնություն, դավաճանություն, խառնակչություն, և պատահական չէ, որ Շիրխանյանի անունը կապվեց Նորք-Մարաշի հայտնի զինված խմբի հետ։
Նա նախկինում էլ զինված խմբեր ունեցել է։ Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես։ Ախր դրանք պատրաստ էին սողալու, շողոքորթելու թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, հիմա ո՞նց են այսպես խոսում։
Վահան Շիրխանյանի հետևյալ հայտարարության մասին՝ «1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին»։
– Ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանն այնքան կիջներ, որ Շիրխանյանի նմանիկներին նման ցուցումներ կտար, և այն էլ՝ Կառավարության նիստին։ Վազգենը նման խնդիր չի ունեցել։ Սրանով նա ցածրացնում է Վազգենին, ով իբր թե կարոտ էր նրա խորհուրդներին ու կատարում էր նրա ասածները։ Չի կարելի, և ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները պարտավոր են արձագանքել այս բաց նամակին։ Վահան Շիրխանյանն այս ազգի առաջ ծառայություններ չունի մատուցած։
1999 թ. սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի՝ ամերիկյան գործուղումից զայրացած վերադառնալու մասին, երբ ըստ Շիրխանյանի՝ իրեն հրավիրել է իր մոտ և բառացի ասել հետևյալը. «այս տականքը (Ռ.Ք.) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։
– Ինչ-որ առումով ճիշտ է ասում։ Վազգենն իսկապես ծանր տպավորություններով էր եկել ԱՄՆ-ից։ Եվ հարցն ամենևին էլ Ալբերտ Գորի և Մեղրու հետ կապված պատմությունը չէր, այլ այն ցուցակը, որ Քիսինջերը (Հենրի Քիսինջեր՝ ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ,- 168.am) փոխանցել էր Վազգեն Սարգսյանին։ Խոսքը Հայաստանի պետական ապարատի կոռուպցիոներների մասին է, որի առաջին համարում եղել է հենց Վահան Շիրխանյանը։
Ռոբերտ Քոչարյանի՝ հոկտեմբերի 27-ին ոճրագործների պահանջով ԱԺ գալը 13 ժամով ուշացնելու՝ Վահան Շիրխանյանի վարկածի մասին։
– Այդ ժամերը Վահան Շիրխանյանին են պետք եղել, որ ցուցակ ներկայացնի, որի պայմանը նախագահ Քոչարյանին հետևյալն էր՝ եթե դու ինձ վարչապետ ես նշանակում, Վազգենի թիմն ուրիշի է մեղադրում այս ոճրի մեջ։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ առևտուր իրենց ընկերոջ դիակի վրա։ Ցավոք սրտի, Վազգենը նրան ընկեր էր համարում, որովհետև եթե Վազգենը չլիներ, ինքը վաղուց պետք է նստած լիներ համապատասխան տեղում։
Վահան Շիրխանյանի՝ «Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար» հայտարարության մասին։
(Խոսքը Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի այն հատվածի մասին է, ուր նա խոսում է հետևյալի մասին՝ «Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ».- 168.am):
– Որովհետև կար Արամ Զավենի Սարգսյանը։ Նա էր վարչապետը, և ում նա ներկայացնում էր, նախագահը լարվածությունը մեղմելու համար նշանակում էր։ Այդ ժամանակ շատ-շատերին, ում ուզում էին, նշանակում էր նախագահը։ Շիրխանյան, ինչի՞ ես հիմա դա շահարկում։ Չէ՞ որ դու էիր դա ուզում՝ գիշեր-ցերեկ նստած Արամ Սարգսյանի ականջին, ու դուք թույլ չտվեցիք, որ այդ տղան աշխատի։ Այո, անփորձ էր, խամ-խամ եկել էր, և դուք ամեն ինչ արեցիք, որ այդ թշնամությունը խորանա։ Ուղղակի ափսոսում եմ, որ Վազգեն Սարգսյանի նման իսկապես պարզ մարդը ժամանակին նման բանսարկուներին տեղ է տվել։ Որովհետև նրանք քծնող էին, ստոր, ստորաքարշ, կարող էին գնալ տարբեր մարդկանցից կեղծ լուրեր հայտնել, որպեսզի ցույց տային իրենց նվիրվածությունը։ Բայց իրականում նրանք մի նպատակ ունեին՝ քանի ընկած են, սողան, հենց բարձրանան, գլուխները կտրեն։ Մի 2 անգամ կանգնեցին, ու դրանից ծնվեցին հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը։
