Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս III

Նախորդ մասը՝ այստեղ Ժողովրդավարական համակարգերի ամենաբնորոշ հատկությունն իշխանության ճյուղերի հավասարակշռվածությունն է, երբ գործադիր իշխանությունը չի գերակայում օրենսդիրի վրա, իսկ դատական իշխանությունն ինքնուրույն է։ Մյուս կարևոր բնութագրիչը տնտեսության և քաղաքականության տարանջատվածությունն է։ Ժողովրդավարական երկրներում այդ ամենը ամրագրված է Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Սակայն օրենսդրությունը դեռ բավավար չէ, որ համակարգն աշխատի, ու դրա վառ վկայությունն է Հայաստանի անցած 30 տարվա քաղաքական պատմությունը։ Այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ավանդույթներ, աշխարհայցք, և ամենակարևորը՝ դրա համար անհրաժեշտ է մեկ այլ բան, որը կոչվում է «էլիտաների բազմակարծություն»։ Հայաստանում, սկսած 1988-ից, էլիտաների բազմակարծությունը, որպես քաղաքական մրցակցության մեխանիզմ, պարբերաբար ոչնչացվել է։ Սկզբնական փուլում ՀՀՇ-ն ոչնչացրեց կոմունիստական էլիտան, որն ուներ կառավարման փորձ, սակայն բարոյապես պարտվել էր։ Հաջորդ փուլում պարտվեց ՀՀՇ-ի քաղաքական թևը, և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եկավ պատերազմով անցած ուժային թևը։ Պատահական չէր, որ Վազգեն Սարգսյանն իր թիմ ներգրավեց նախկին կոմունիստական էլիտայի մնացուկներին, իսկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից հալածված Դաշնակցությանը, ԱԺՄ-ին և մյուսներին։ Դրանով փորձ էր արվում կառավարման համակարգին ինտեգրել խաղից դուրս մնացած քաղաքական էլիտաներին։ Դա լավ հնարավորություն էր, որպեսզի ձևավորվեին երկու էլիտաների բուրգեր, որոնք միմյանց հետ կմրցակցեին, սակայն դա տեղի չունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի պատճառով։ Հայաստանում քաղաքական էլիտաները չէին կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև հետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին՝ նա տիրում է իշխանությանը, և այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում։ Ամերիկացի գիտնական Վլադիմիր Օրլանդո Քեյն իր «Հանրային կարծիքը և ամերիկյան ժողովրդավարությունը» աշխատությունում պնդում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը միշտ կենտրոնացած է էլիտար փոքրամասնության ձեռքին, սակայն պահպանվում են զանազան փոքրամասնությունների իրավունքները։ «Էլիտաների պլյուրալիզմի» տեսությունը համարում է, որ իշխանությունը միշտ փոքրամասնություններին է պատկանում, և որպեսզի լինի ժողովրդավարություն, անհրաժեշտ է, որ էլիտաների միջև լինեն բազմակարծություն կամ «էլիտաների ժողովրդավարություն»։Էլիտաները կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն նրանք «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության․ «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։ Տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ Ժոզեֆ Շումպետերը «էլիտար ժողովրդավարության» տեսաբաններից է, ըստ նրա՝ ժողովրդավարությունը բռնապետությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարական համակարգերում գոյություն ունեն մի քանի էլիտաներ և ժողովրդավարական համակարգերի շնորհիվ գոյություն ունեն արդար ընտրություններ, և դեպի իշխանություն ճանապարհն անցնում է քաղաքացիների ձայների համար մղվող պայքարով։ Հասկանալի է, որ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ ունեն մասնագիտացած խավերը, իսկ գաղափարները տրվում են ինտելեկտուալ էլիտայի կողմից։ Հասարակ քաղաքացիները չունեն կառավարման փորձ ու գիտելիքներ և միշտ որոնելու են այն մարդկանց, որոնք կարող են իրենց առաջնորդել։ Մյուս կողմից, հասարակությունը պետք է ձեռք բերի համապատասխան արժեհամակարգ, և պետք է ձևավորվեն անհրաժեշտ ավանդույթներ, որոնք թույլ կտան «էլիտաների ժողովրդավարությունը» լայնացնել և ժամանակի ընթացքում տարածել ողջ հասարակության վրա։ Էլիտաների մասին տեսությունը թույլ է տալիս «սոցիալական սանդղակի» գոյությունը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար, որպեսզի առավել ընդունակ և ամբիցիոզ անձինք ներգրավվեն կառավարման համակարգ։ Դա անհրաժեշտ է էլիտաներին թարմ արյուն ներարկելու համար, ինչպես նաև այդ անձանց թույլ չտալու համակարգից դուրս մնալ՝ հանրության շրջանում նրանց կողմից լարվածություն չստեղծելու համար։ Տեսաբան Ռոբերտ Դալի կարծիքով ժողովրդավարության աստիճանը պայմանավորված է նրանով, թե որքանով է ժողովուրդը «մոտենում» կառավարող էլիտային․ քաղաքացիների կատարելագործումը, հանրային կյանքին նրանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարության զարգացման կարևոր գրավականներն են։ Որքան քաղաքացիների ներգրավվածությունը մեծ է, այնքան մեծ են կառավարող էլիտայի հանդեպ պահանջները, այնքանով իրական է դառնում ժողովրդավարությունը։ Իսկ մինչ այդ արևմտյան տեսաբաններ Թ․ Դայի և Լ․ Զիգլերի «Ժողովրդավարություն էլիտաների համար» գրքում գրում են․

  • « ․․․ քաղաքացու անցումը դեպի կառավարող էլիտա պետք է լինի դանդաղ, որպեսզի պահպանվի կայունությունը, և համակարգը զերծ լինի ծայրահեղականությունից,
  • էլիտաները միասնական են այն կարծիքում, որ պետք է պահպանվեն գոյություն ունեցող սոցիալական համակարգի հիմնարար արժեքները,
  • պետական քաղաքականությունն արտացոլում է ոչ թե զանգվածների պահանջները, այլ էլիտաների շահերը ․․․»։
«Էլիտաների բազմակարծության» հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ կան տարբեր էլիտաների խմբեր, և նրանց միջև առկա մրցակցությունը հասարակությանը թույլ է տալիս վերահսկել կառավարությանը և թույլ չտալ, որ ձևավորվի կառավարող միակ և միասնական շերտ, ինչը Հայաստանում տեղի է ունեցել մինչ այժմ և, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։ Մենք չենք անդրադառնում էլիտաների ներսում առկա մեխանիզմներին, որոնք իրենց հերթին պետք է ապահովեն էլիտաների «խաղի կանոնները»։ Պատահական չէ, որ Հայաստանում ոչ մի իշխող ուժ չի ցանկանում ընդունել կուսակցությունների մասին նոր օրենքը, որը թույլ կտա ժողովրդավարական մեխանիզմներ ապահովել յուրաքանչյուր կուսակցության մեջ՝ ըստ էության, էլիտաների խմբերի մեջ։ Դա արդեն այլ թեմա է։ 2018-ից հետո Հայաստանի կառավարող շերտն ամբողջովին փոխվեց, սակայն այդ շերտը դեռ երկար տարիների ընթացքում կարող է մասնագիտական հմտություններ ձեռք բերել և դառնալ կառավարման համար պիտանի մասնագիտական խավ, սակայն նույնիսկ այն դեպքում, եթե այդ շերտը կարողանա վերածվել ունակ կառավարող շերտի, Հայաստանում չի կարող ձևավորվել ժողովրդավարական համակարգ, եթե էլիտաների՝ միմյանց ոչնչացնելու ավանդույթը պահպանվի։ Ստեփան Դանիելյան Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am