Եթե միջազգային հանրությունն իրոք ուզում է խաղաղություն,պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ.Շարմազանով
«Նախագահի ուղերձը հստակ էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, և սա փաստ է: ՀՀ նախագահը հստակ նշեց, որ հրադադարի ռեժիմի խախտման և ահաբեկչական գործողությունների հեղինակը Ադրբեջանն է: Ադրբեջանը, ուզի թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետև 94 թվականի զինադադարի ռեժիմը կնքել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ: Եթե մենք խոսում ենք հրադադարի ռեժիմին անցնելու մասին, ապա կա գործող զինադադարի ռեժիմ և կան պետություններ, որոնք պետք է լինեն այդ զինադադարի գարանտները»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով այսօր Վիեննայում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը: «Պետք է զորքերը հետ տանեն ինչպես եղել է ապրիլի 1-ի առավոտյան այսինքն՝ համապատասխան 94 թվականի զինադադարի։Ոչ հասցեական գնահատականները ոչ միայն չեն օժանդակում, այլ նաև մեր համոզմամբ խոչընդոտում են, խանգարում են խնդրի կարգավորմանը ու նոր թևեր են տալիս ահաբեկչին»,- ասաց նա և նշեց, որ կան պետություններ, որոնք ժամանակին «սիլիբիլի» էին անում Թուրքիայի հետ, հիմա էլ նույնը՝ Ադրբեջանի հետ, և մենք տեսնում ենք, որ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: «Թուրքիան որպես պետություն, որ կապ ունի ահաբեկչության հետ, արդարացնում է Ադրբեջանի գործողությունները. 12-ամյա երեխայի, տարեց մարդկանց դաժանաբար սպանությունը։ Այդ պետությունը չի կարող որևէ անելիք ունենալ կարգավորման գործընթացում»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ եթե միջազգային հանրությունն իրոք ուզում է խաղաղություն, ապա իր սուբյեկտիվ կարծիքով պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ:
