Արցախը՝ բանակցային ձևաչափում. ինչպե՞ս է դա եղել. Civilnet.am

Civilnet.am-ը գրում է. «Լեռնային Ղարաբաղը եղե՞լ է արդյոք կարգավորման բանակցությունների լիարժեք կողմ: Երբ ասվել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակություն, ի՞նչ են դրա տակ հասկացել Երևանի, Բաքվի, Ստեփանակերտի իշխանությունները և միջազգային հանրությունը: Եթե Արցախը եղել է բանակցությունների լիարժեք կողմ, ապա ե՞րբ է դուրս մնացել: Այս և նմանօրինակ հարցերը կրկին շրջանառվում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և ինքը բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախի իշխանություններին: Հարցին անդրադառնանք միջազգային փաստաթղթերով և ժամանակագրային կարգով: Ղարաբաղյան հակամարտության առաջին միջազգային փաստաթուղթ կարող ենք համարել Ժելեզնովոդսկի հուշագիրը, որը ստորագրվել է 1991թ. սեպտեմբերի 23-ին ռուսական այս քաղաքում: 1991թ. սեպտեմբերի 20-23-ը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինի ու  Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած միջնորդական առաքելությունը այցելեց Բաքու, Ստեփանակերտ և Երևան, հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության հետ: Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին ստորագրվեց Ժելեզնովոդսկի հուշագիրը, որի տակ դրված են Բորիս Ելցինի, Նուրսուլթան Նազարբաևի, Այազ Մութալիբովի և Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունները: Փաստաթղթի վերջում գրված է, որ հուշագրի քննարկմանը մասնակցել են նաև Ջաֆարովը, Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը: Վագիֆ Ջաֆարովը ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներին, Լեոնարդ Պետրսյանը Արցախի այդ օրերի թիվ մեկ պետական պաշտոնյան էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ ոչ պաշտոնական առաջնորդը: Դատեցեք ինքներդ՝ Ժելեզնովոդսկի հուշագրով Արցախը բանակցային գործընթացի մաս կազմե՞լ է: Եթե այո, ապա կարո՞ղ ենք հերքել, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ադրբեջանական համայնքից Շուշիի ներկայացուցիչը: 1992թ. մարտի 24-ին Հելսինկիի ԵԱՀԿ խորհրդի լրացուցիչ հանդիպման շրջանակներում փաստացի ստեղծվեց Մինսկի խումբը, ավելի ճիշտ՝ Մինսկում անցկացվելիք խորհրդաժողովին մասնակից երկրների խումբը: Ահա այդ երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիա և Սլովակիա, Շվեդիա: Երկրների կազմում չկա Լեռնային Ղարաբաղը: Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Արցախը ճանաչված չէ, անգամ՝ Հայաստանի կողմից: Բայց փաստաթղթում նաև ասվում է. «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»: Ուշադրություն դարձրեք երկու իրողության վրա: Առաջին, Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները որպես շահագրգիռ կողմ են հրավիրվում և դա արվում է պետությունների հետ խորհրդակցությունից հետո, երկրորդ, ակնհայտ է, որ հրավիրվում են ինչպես հայերը, այնպես էլ՝ ադրբեջանցիները: 1992-ին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ ասելով՝ հասկացվում էր այն օրերի Գերագույն խորհուրդը, որի նախագահը Արթուր Մկրտչյանն էր: Այլ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի ունեին Շուշիի քաղաքային իշխանություններին, այն ժամանակ՝ Նիզամի Բահմանովին: 1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Ե՛վ ԵԱՀԿ-ի ու նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի, և՛ զուգահեռաբար ընթացող Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը, ինչը հաջողվեց 1994-ի մայիսին` գերազանցապես Մոսկվայի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում Ստեփանակերտը հրաժարվում էր բանակցություններին մասնակցելուց, քանի որ նախ չէր հստակեցվում նրա կարգավիճակը, երկրորդ` «ղարաբաղյան կողմ» անվան տակ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը նկատի ունեին «Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները»: Երևանի, անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներից հետո միայն Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում: Մայիսյան անժամկետ զինադադարից հետո մինչև 1996թ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Բայց պետք է հիշել, որ Ադրբեջանը երբեք չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը որպես բանակցությունների կողմ, և այդ պատճառով անդադար վեճեր էին լինում: Լավագույն դեպքում Ադրբեջանը ճանաչում էր՝ պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը ունենա համայնքային կազմ՝ հայեր և ադրբեջանցիներ, ինչը նույնքան և կտրականապես անընդունելի էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար: Այս բանակցությունների ընթացքում չէր քննարկվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ հիմնականում զինված հակամարտության հետևանքների վերացումը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ: Բանակցությունների սեղանի շուրջ վիճում էին մի կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` Ադրբեջանը: 1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, Ռուսաստանը և Արևմուտքը միասնական դիրքորոշում որդեգրեցին և պաշտպանեցին կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: Կարգավորման հարցում ներկայացվեց երեք-կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը: Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում օգտվեց վետոյի իրավունքից: 1997թ. գարնանը, երբ  Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի լիսաբոնյան երեք սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չեն ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: Մի կարևոր հանգամանք ևս. բանակցությունների ողջ պատմության ընթացքում՝ սկսած անգամ 1988-ից, միշտ էլ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հանդիպումներ: Ավելին, 1995-1996թթ․ եղել է բանակցային մեկ այլ ձևաչափ, երբ քննարկումներ էին ընթանում Հայաստանի և Ադրեջանի նախագահների խորհրդականների, տվյալ դեպքում՝ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև: Այդ ձևաչափը վերակագնելու փորձ արվեց նաև 2000-ականների կեսերին: Երևանի և Բաքվի ներկայացուցիչներ նշանակվեցին փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանն ու Արազ Ազիմովը: Երբ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցել-չմասնակցելու մասին, պետք է նշենք երեք հարթություն: Առաջին. Ստեփանակերտը մասնակցում է բանակցություններին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելում է ոչ միայն Բաքու և Երևան, այլ նաև՝ Ստեփանակերտ: Այստեղ պետք է նշենք նաև, որ նույն Մինսկի խումբը Բաքու այցի ընթացքում հանդիպում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Երբ ԵԱՀԿ գործող նախագահը այցելում է Երևան, հանդիպում է նաև Արցախի նախագահի հետ: Սրանով Արցախը բանակցային կողմ է: Երկրորդ. երբ Մինսկի խումբը ներկայացնում է կարգավորման առաջարկներ, այն ուղարկվում է երեք ուղղությամբ՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ: ԵԱՀԿ-ն պատասխան ստանում է Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից: Սրանով Արցախը բանակցային կողմ է: Երրորդ. 1997-ի գարնանից սկսված՝ դադարեցվել են եռակողմ ձևաչափով բանակցությունները, ինչով դադարեցվել է նաև Արցախի ուղղակի մասնակցությունը: Սրանով, այո, Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Իրականում, ոչ միայն և ոչ այնքան կարևոր է, թե բանակցությունները ինչ ձևաչափով են ընթանում, այլ ինչ է քննարկվում այդ բանակցություններում: Հնարավոր է տարբերակ, երբ եռակողմ ձևաչափով ավելի վատ տարբերակ քննարկվի հայկական կողմի համար, քան երբ բանակցությունները ընթանում են միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների ու արտգործնախարարների միջև: Եվ, ընդհակառակը, հնարավոր է տարբերակ, երբ երկկողմ ձևաչափով քննարկվի Արցախի համար ավելի անընդունելի տարբերակ, քան եռակողմի դեպքում։ Այսպիսով, բանակցություններին Արցախի մասնակցել-չմասնակցելու հարցը սև-սպիտակ ու պարզունակ չէ, ինչպես այն ներկայացվում է հայկական քաղաքական դիսկուրսում»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան Թող Փաշինյանը լա՛վ իմանա՝ իրենից հետո էլ կյանք կա ու լավ է լինելու․ Քրիստինե Վարդանյան (video) Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am