Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները
Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- նշել է Հակոբջանյանը: Նա հայտնել է, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ:
