ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին»
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսեւորեցին դիրքային մարտերում, այլեւ գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա եւ տասնյակների հասնող կենդանի ուժ: Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի եւ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ:
