ՄԱԿ-ը՝ ԼՂ-ի մարտերի զոհերի մասին
Նվազագույնը 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ն ստացել են վնասվածքներ անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների հետևանքով: Նման տվյալներ է իր զեկույցում ներկայացրել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, տեղեկացնում է TASS-ը: «Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ նվազագույնը 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով։ Վիրավորների թիվը, ինչպես քաղաքացիական , այնպես էլ զինվորական, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ թիվն ավելի քան 200 է»,- ասվում է փաստաթղթում: «Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է, որ ներքին տեղահանման ենթակա մարդիկ չկան, այն դեպքում, երբ Հայաստանի կողմից 50 մարդ ժամանակավոր ապաստան է խնդրել Երևանում: Երկու կառավարություններն էլ հայտարարել են, թե միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն»,- ասվում է զեկույցում:
