«Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Թեհրանում է, որտեղ նախատեսվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ բավականին հագեցած օրակարգով: Այցից առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական «IRNA» գործակալությանը, որում նշել է, որ Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն են, և Հայաստանը հակված է զարգացնել Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները: ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռուհանին համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն այն: ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրա-շրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար: Կարևորվել է նաև ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռուհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանը: Ն. Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ն. Փաշինյանը և Հասան Ռուհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Մինչ Իրանում շարունակվում են ՀՀ վարչապետ Փաշինյանի բարձրաստիճան հանդիպումները, փորձագետները մեկնաբանում են, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի վերատեսության ենթարկել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: «168 Ժամի» հետ զրույցում իրացի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ակտիվ աշխատանքի պայմաններում այն ամենի շուրջ, ինչի մասին խոսում են ղեկավարները, կարելի է շատ կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ արձանագրել: Նա նշեց, որ Հայաստանն ու Իրանը, լինելով հարևաններ, միշտ տրամադրված են եղել պահպանել խորը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերություններ: Իսկ թե որքանով են այդ հարաբերությունները խորը եղել, ըստ նրա՝ քննարկման առարկա կարող է լինել, քանի որ կարող է է՛լ ավելի լավ լինել, սակայն դրանք մշտապես խարսխված են եղել փոխվստահության և նվիրվածության վրա, չնայած կրոնական տարբերություններին: Սալամիի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունները սովորաբար տուժել են երկկողմ հարաբերություններին չառնչվող լայն օրակարգի պատճառով. նախորդ տասնամյակների ընթացքում դա Իրանի առճակատումն էր Արևմուտքի հետ, որի սուր փուլն ավարտվեց Միջուկային գործարքով՝ նոր հնարավորություններ բացելով Իրանի համար, կողմերը չհասցրին տեղավորվել նոր իրավիճակում, երբ կրկին նոր ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ կանգնեցին Հայաստանն ու Իրանը: «Իրանի թե՛ ներսում, թե՛ դրսում բավականին անկայուն իրավիճակ է. կան ներքին դժգոհ տրամադրություններ, բազում լուծման ենթակա խնդիրներ, ինչպես նաև կա առճակատման նոր փուլ Միացյալ Նահանգների հետ, որում ԱՄՆ-ը այս տարածաշրջանում փորձում է որոշակի դերակատարություն ստանձնել՝ համախոհներ ներգրավելով իր հակաիրանական քաղաքականություն: Կան մերձավորարևելյան զարգացումներ, որոնցում բազում շահեր կան, և շահերից մեկն էլ Իրանինն է, Ռուսաստանինը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայաստանն ունի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ, նորմալ համագործակցություն Եվրամիության հետ, որն Իրանին դիտարկում է դրական օղակ այս տարածաշրջանին կապվելու ծրագրերում, լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, որն այս տարածաշրջանում հակաիրանական համախոհներ է փնտրում: Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ իր բոլոր գործընկեր երկրների հետ, տարածաշրջաններում հիմնված է սեփական գերակա դիրքերի առաջմղման և լայն վերահսկողության վրա, որը թույլ է տալիս նրան պահպանել լծակները, որոշակի կախվածություն»,- նշեց քաղաքագետը: Նրա կարծիքով՝ հայ-իրանական սերտ հարաբերություններն այսօր ևս, երբ ՀՀ նոր իշխանությունները կարծես թե դրական ուղերձներ են հղում, կարող են ազդվել երրորդ կողմի դիրքորոշումների և երկկողմ հարաբերություններին չառնչվող աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: «Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման արտաքին միակ շահառուն այսօր Եվրոպական միությունն է, մնացած բոլոր ուղղություններից այս հարաբերությունները վտանգված են: Եվ երկկողմ հարաբերությունների ներուժը վերականգնելու համար հարկավոր է, որպեսզի Իրանն ու Հայաստանը կարողանան ճիշտ աշխատել այս բոլոր խնդիրների հետ: Չեմ նշում այլևս ԼՂ հակամարտության և մեր տարածաշրջանում անհրաժեշտ քաղաքականության մասին: Միայն այս խնդիրները չեզոքացնելով կկարողանան Հայաստանն ու Իրանը դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի, համագործակցության շատ ավելի խորության: Այլապես ներկայիս դրությամբ ծրագրերը մեծ են, գլոբալ, անելիքները` շատ, բայց այս այցը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի ուշադրության տակ է, քանի որ այս երկու կողմերն էլ իրենց շահերն ու մտավախություններն ունեն հայ-իրանական օրակարգի ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: Այս հագեցած ներքին օրակարգերի պայմաններում, հույս ունեմ, որ այն ճկունությունը, որը պահանջվում է կողմերից, կկարողանան բանեցնել՝ ի վերջո, այս հարաբերություններին տալով այն որակը, որը հարկավոր է: Խոսքը վերաբերում է նաև ԻԻՀ-ին, այս բարդ տարածաշրջանում իրապես ամուր հարաբերություններ կառուցելու և ծրագրերի համար ներդրումներ ներգրավելու համար միայն բարի ցանկությունները քիչ են»,- ասաց վերլուծաբանը: Իր հերթին մեկ այլ վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասաց, որ այս այցը կարևոր է նրանով, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է ԻԻՀ, և Իրանն այս քննարկումներից է հասկանալու, թե որն է ՀՀ նոր իշխանությունների ակնկալիքը հայ-իրանական հարաբերություններից, որը տարբերվում է ՀՀ նախկին իշխանությունների սպասելիքներից: «Գուցե չկան տարբերություններ, և օրակարգում կրկին հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու անհրաժեշտության հարցն է: Բայց ես համաձայն եմ այն պնդման հետ, որ այդ ներուժը չի իրացվել ոչ միայն ներքին, այլև բազում արտաքին խնդիրների պատճառով, որոնք այսօր չեն չքացել մեր երկրներից ու հարևանությունից: Բայց ես ԵՄ աջակցությունն օրակարգի կարևոր բաղադրիչ հանդիսացող խնդիրներին՝ Մեղրիի, Հյուսիս-Հարավի, նշանակալի եմ համարում: Այո, խնդիրները մեծ են այս ընդլայնված և մեծ օրակարգի պայմաններում, բայց կողմերը պետք է գտնեն այս հարաբերություններում շահագրգիռ կողմերը, ինչպիսին ԵՄ-ն է, ԵԱՏՄ-ն: ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը նոր առևտրային հնարավորություններ է ստեղծում Իրանի, Հայաստանի ու ԵԱՏՄ-ի համար, դա նոր թափ կհաղորդի այս ոլորտում մեր համագործակցությանը: Հայաստանն ըստ էության կամուրջ կարող է դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, որի մասին խոսում էին նաև ՀՀ նախկին իշխանությունները: Իմ գնահատմամբ՝ օրակարգը բավականին լավն է. կրկին հարցն այն է, թե ինչպես է այս օրակարգն իրականացվելու և ընդլայնվելու, քանի որ այդ ներուժը ոչ միայն ԵԱՏՄ-ի ուղղությամբ է, այլ ուղղություններով կողմերը ևս աշխատանք ունեն անելու»,- ասաց նա:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am