Արցախում քաջաբար զոհված հայ զինվորների դիերը տեղափոխել են Երևան
Արցախում մարտական գործողությունների հետևանքով քաջաբար զոհված հայ զինծառայողների մոտ 10 դիեր երեկ արդեն տեղափոխվել են Երևան:
Զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է:
Քաջաբար զոհված 20-ամյա Քյարամ Սլոյանն առաջիկայում զորացրվելու էր: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կապետյանը:
Քյարամ Սլոյանն ունի 4 եղբայր և մեկ քույր, բնակվում էր հոր և մոր հետ:
Բազմազավակ այս ընտանիքին ապրում է տնակում (դոմիկում), իսկ սոցիալական պայմանների մասին այս դեպքում խոսելն ավելորդ է:
Երևան տեղափոխված քաջաբար ընկած զինվորները, ինչպես մայրաքաղաքից են, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերից:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկել է ակտիվ հարձակողական գործողություններ` կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ: Ադրբեջանական զինուժը գնդակոծում է նաեւ հայկական գյուղերը, որի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք` երեխաներ, որոնցից մեկը մահացել է, մեծ վնասներ են պատճառվել խաղաղ բնակավայրերի շինություններին, այդ թվում` դպրոցներին, գյուղացիների տներին, ենթակառուցվածքներին: Ադրբեջանի ռազմական ակտիվ գործողությունները շարունակվել են նաեւ ապրիլի 3-ին:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել եւ իրականացնում են համարժեք գործողություններ: Վերջին երկու օրվա մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած սանձահարման գործողությունների հետեւանքով հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ոչնչացվել է հակառակորդի 16 տանկ, 7-ից ավել այլ զրահատեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, երկու ուղղաթիռ:
Ապրիլի 2-ի տվյալներով ադրբեջանցիների զոհերի թիվն անցնում է 200-ը: Նույն օրվա դրությամբ` Ղարաբաղի զինված ուժերն ունեցել է 18 զոհ, եւս 35-ը` վիրավորվել:
