Հայկական կոմը շարքից հանել է թշնամու ևս 2 տանկ. ունենք վիրավորներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Ինչպես հայտնում է Արցախում գտնվող Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
