Հակառակորդն ունի զինծառայողների բազմաթիվ կորուստներ. Դավիթ Բաբայան
Հակառակորդն այսօր վաղ առավոտյան աննախադեպ ակտիվությամբ խախտել է զինադադարի ռեժիմը, սակայն համարժեք պատասխան է ստացել և շատ մեծ կորուստներ կրել, այդ թվում` մարդկային զոհերի և մարտական տեխնիկայի տեսքով: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա տեղեկացմամբ` Պաշտպանության բանակը շարունակում է բարձր մակարդակով կատարել իր առաքելությունը և վստահորեն վերահսկում է սահմանների անառիկությունը: «Հակառակորդը ստացել է համարեժք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ կորուստներ, խոցվել է հակառակորդի ուղղաթիռը, նա ունի կորուստներ ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ բազմաթիվ զինծառայողների: Ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տիրում է կատարյալ խուճապի իրավիճակ, բնակչությունը պարզապես լքում է այդ տարածքները»,- ասաց նա: «Իրավիճակը վերահսկելի է ամբողջությամբ և հակառակորդը որևէ հնարավորություն չունի անգամ փոքր հաջողություն ունենալու համար»,-ասաց նա և ավելացրեց, որ Ադրբեջանի այս գործողությունների բացատրությունն այն է, որ այդ պետությունը ահաբեկչական պետություն է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Դավիթ Բաբայանն ասաց, որ սպասում են կոշտ արձագանքի, որովհետև Ալիևը գտնվելով Վաշինգթոնում հայտարարում է մեկ բան, սակայն մեկ այլ բան անում է:
