Տեղական մաֆիոզների եւ օլիգարխների հետաքրքիր սիմբիոզ է. Զուրաբյան
Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծում տարածքային ընտրացուցակները բավական խոշոր փոփոխություն են. ընտրություններից կարճ ժամանակ առաջ այդպիսի փոփոխություն կատարել չի կարելի: Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, Հայաստանում միասնական կարծիք է ձեւավորվել ընդդեմ այդ նորամուծության: «Ընտրություններից ընդամենը 9 ամիս առաջ մեր քաղաքական դաշտում նոր օրենքներ են սահմանվում, նոր ռազմավարություն, նոր մոտեցումներ: Չի կարելի քաղաքական դաշտն այդպիսի իրավիճակի մեջ դնել: Դա լրջագույն փոփոխություն է Ընտրական օրենսգրքում, որն ազդում է ժողովրդի քվեարկության վրա»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ լայն հասարակական կոնսենսուս չկա: «Դա ընդամենը քաղաքական մեկ ուժի քմահաճույքն է: Քաղաքական ամբողջ դաշտը դեմ է դրան: Այստեղ իշխանության, տեղական մաֆիոզների եւ օլիգարխների հետաքրքիր սիմբիոզ է: Դրա իմաստը հետեւյալն է. իշխող կուսակցությունը նրանց օգնում է խորհրդարանում հայտնվել, իսկ նրանք իշխող կուսակցությանն օգնում են ձայներ հավաքել»,- հայտարարեց Զուրաբյանը: Պատգամավորը կոչ արեց ԸՕ-ի նախագծից հանել այս դրույթը եւ անցնել «փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգի»:
