Նորամուծություն զորակոչիկների բուժզննումն իրականացնելու մեջ
Եթե նախկինում զորակոչի ենթակա երիտասարդների նախնական բուժզննումն անցկացնում էին ՊՆ կառույցները՝ զինկոմիսարիատներին կից հանձնաժողովները, ապա ներկայում այդ լիազորությունը տրված է քաղաքացիական բուժհաստատություններին՝ պոլիկլինիկաներին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։ Ինչպես տեղեկացրեց` դա արվում է կասկածներից խուսափելու համար:Մասնավորապես, եթե նախկինում Պաշտպանության նախարարությունն էր և՛ պատվիրատուն, և՛ ախտորոշում իրականացնողը, և կարող էր տպավորություն ստեղծվել, որ որոշ դեպքերում ՊՆ մասնագետները կարող են աչք փակել երիտասարդների հիվանդությունների վրա՝ նրանց զորակոչելու համար։ Այդպիսի կասկածներից խուսափելու համար հիմա այդ գործառույթը տրվել է Առողջապահության նախարարությունը, և զինակոչիկների նախնական ախտորոշումն իրականացնում են քաղաքացիական բուժհաստատությունները։ Օհանյանի խոսքով՝ սա դեռ պիլոտային ծրագիր է, որով զորակոչն առայժմ իրականացվել է միայն մեկ զինկոմիսարիատի մասշտաբով, սակայն սպասումների արդարացման դեպքում դա տարածվելու է ամբողջ համակարգի վրա։
