Բրիտանիան պատրաստ է օգնել Ստամբուլին
Մեծ Բրիտանիան Թուրքիային իրենց աջակցությունն է առաջարկել երեքշաբթի Ստամբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատուներին բացահայտելու գործում: Այս մասին Բրիտանիայի վարչապետն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Դևիդ Քեմերոնի մամլո ծառայությանը: «Վարչապետն այս երեկո զանգահարել է նախագահ Էրդողանին՝ ցավակցելու Ստամբուլում այսօրվա ահաբեկչության կապակցությամբ: Նրանք միասնական կարծիք են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի վճռականության կարևորության հարցում, նախագահ Էրդողանը վարչապետին տեղեկացրել է հետաքննության ընթացքի մասին: Վարչապետն առաջարկել է Մեծ Բրիտանիայի օգնությունը այդ հարձակման պատասխանատուներին պարզելու գործում»,- երեքշաբթի ասել է Քեմերոնի ներկայացուցիչը: Ղեկավարները քննարկել են նաև փետրվարին սպասվող դոնորական համաժողովը Սիրիայի հարցով, որը կանցկացվի Լոնդոնում՝ փետրվարի 4-ին: Ստամբուլում պայթյունը գրանցվել է Սուլթանահմեթի հրապարակում՝ տրամվայի կանգառի կողքին, որտեղ այդ պահին շատ զբոսաշրջիկներ են եղել։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել նաև քաղաքի մյուս թաղամասերում: Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 10, վիրավորվել 15 մարդ: Բոլոր զոհերն օտարերկրացի են, նրանցից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացի: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունն իրագործել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խոսքով՝ ահաբեկիչը ԴԱԻՇ-ի անդամ է:
