Ինչ է սպասվում Էլ Չապոյին`ԱՄՆ արտահանձնվելու դեպքում
«Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Հոակին Գուսման Լոերան՝ «Էլ Չապո», ԱՄՆ-ում մահապատժի չի ենթարկվի, եթե Մեքսիկայի իշխանությունները որոշեն նրան արտահանձնել ԱՄՆ: Այս մասին հայտնել է Մեքսիկայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Խոսե Մանուել Մերինոն Universal պարբերականին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը: Նրա խոսքով՝ համապատասխան կետը ներառված է թմրաբարոնի հանձնման հայցում, ինչը ավելի վաղ տրվել է ամերիկյան կողմից: Միաժամանակ հանցագործի հանձնման Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրում նշված է հանձնելուց հրաժարվելու հնարավորության մասին այն դեպքում, եթե մեղադրյալին սպառնա մահապատիժ: Մերինոն ասել է, որ Գուսմանին ԱՄՆ-ում կդատեն կատարած հանցագործությունների համար՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները «գրավոր խոստում են տվել հարգելու հանձնման պայմանագիրը, որը վերաբերում է մեքսիկացի թմրաբարոնի նկատմամբ մահապատժի չկիրառմանը»:
