Որքան է կազմում ռուսական գազի գինը 2019-ին Հայաստանի համար
2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությանը: ««Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին համապատասխան՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար»,- ասվում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքն ամփոփող հաղորդագրության մեջ: 2018թ. Հայաստանի համար գազի գինը կազմել է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար:
