Փաշինյանի պոպուլիզմի դոզան «բիզ է սրել». ժողովրդական հուզումներ են հասունանում
Ներկայացնում ենք հատվածներ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ «Ժամանակի» հարցազրույցից: -Հայտարարել եք նոր քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին: Կա՞ արդյոք այդպիսի անհրաժեշտություն՝ մանավանդ ընտրություններից անմիջապես հետո: -Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրաժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքական պրոցես, որի իմաստը բևեռացված դիրքերում գտնվող քաղաքական ուժերի դիրքորոշումների հավասարակշռումն է հասարակության մեջ հասարակական, քաղաքական կյանքում հստակություն և կանխատեսելիություն մտցնելու համար՝ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտում: Ցենտրիզմի գաղափարախոսությունը բացակայում է քաղաքական համակարգում, դեռևս չենք կարողացել այնպիսի քաղաքական համակարգ ձևավորել, որը կբերեր քաղաքական ծրագրերի ու տեսլականների մրցակցության: Ինչ-որ մի կետից պետք է սկսել… -Նոր քաղաքական ուժը կոչվելու է ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ: Կասե՞ք՝ այսօր քանի՞ քաղաքացի է գիտակցում այդպիսի քաղաքական ուժի անհրաժեշտությունը: -Վերջին շրջանում բավականին չարչրկվեց ժողովուրդ բառը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որոշում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավական մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողովուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը պետական մարմինների միջոցով:
