Սկանդալ` Խորվաթիայի հավաքականում
Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենը Խորվաթիա – Հունգարիա(1:1) հանդիպմանը եղել է պահեստայինների նստարանին: Երկրորդ խաղակեսում նրան ուղարկել են պահեստային մյուս ֆուտբոլիստների հետ մարզվելու: 20 րոպե անց 26-ամյա պաշտպանն ինքնակամ վերադարձել ու նստել է պահեստայինների նստարանին: Այդ քայլը ծայրաստիճան զայրացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչին: Մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել է, որ այլևս հույսեր չի կապում Լովրենի հետ: «Չկա ոչինչ ավելի կարևոր, քան ազգային հավաքականը: Ես չեմ հանդուրժի նման վարքագիծ: Լովրենն այլևս մեր հավաքականից չէ ու չի մասնակցի Եվրո-2016-ին»,- Չաչիչի խոսքն են փոխանցում խորվաթական լրատվամիջոցները: Նշենք, որ Եվրո-2016-ում Խորվաթիայի հավաքականն ընդգրկված է D խմբում, որում տեղ են զբաղեցրել նաև Իսպանիայի, Թուրքիայի ու Չեխիայի հավաքականները:
