Օրենքը խախտող դատավորները մի օր իրենք են փաստաբանի կարիք ունենալու

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ինչպես հայտնի է, պատրաստվում են Վճռաբեկ դատարանում վիճարկել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով օրինականացվեց երկրորդ նախագահին «ուզած-չուզած» կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, միաժամանակ դիմել Եվրոպական դատարան։ Բայց սա էլ ամենը չէ՝ որոշումը կբողոքարկվի նաեւ Սահմանադրական դատարանում։ Ուսումնասիրելով դեկտեմբերի 12-ին վերջապես իրենց ձեռքի տակ հայտնված դատական ակտը՝ փաստաբանական խումբը հանգել է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը որեւէ կերպ չի անդրադարձել պաշտպանական կողմի հիմնական փաստարկներին՝ ուղղակի աչք է փակել դրանց վրա։ Մասնավորապես անտեսել է նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմը, որին հղում անելով՝ նույն Վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։ Փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈւՄՅԱՆԻ գնահատմամբ՝ վերաքննիչ ատյանն «ընդհանրապես լռությամբ շրջանցել է, որ նախագահի հրամանագիրը քննչական մարմնի, ինչպեսեւ առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից չի կարող որակվել սահմանադրությանը հակասող, որովհետեւ սահմանադրությանը ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան լինել-չլինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը»։ Ավելին՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլեւ ի սկզբանե ապօրինի. «Քննիչը, պատկերացնո՞ւմ եք՝ քննիչը, արտակարգ դրություն սահմանելու մասին հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը որակել է իբրեւ սահմանադրությանը հակասող՝ չունենալով դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում»։ Պաշտպանական կողմը կասկած չունի, որ ՀՔԾ քննչական խումբը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ նման, մեղմ ասած, խոցելի միջնորդությամբ մտնելով դատարան, առաջին ատյանի դատարանն իր հերթին ակնհայտորեն գերազանցել է սեփական իրավասությունները՝ բավարարելով այդ միջնորդությունը։ Դրանով իսկ, ըստ էության, հաստատել է քննիչի իրավասությունը՝ որոշումներ կայացնելու Սահմանադրական դատարանի փոխարեն, եւ ամրագրել է, որ, այո, «կա հիմնավոր կասկած, որ նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»: Վերաքննիչ դատարանն էլ, հակափաստարկ չբերելով, հլու-հնազանդ ի կատար ածելով «ի վերուստ» իջեցված հրահանգը, վավերացրել է անօրինականությունը։ Նախագահի կողմից գործող սահմանադրական կարգը «տապալելու» անհեթեթ մեղադրանքի հիմքում դրված մյուս «զորավոր» փաստարկը հայրենական արտադրության «Շերլոկ Հոլմսի»՝ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի «հայտնագործած» եւ որպես պաշտպանության նախարարի թիվ 0038 հրաման ներկայացրած գրությունն է, որի վրա, ինչպես բազմիցս փաստել է պաշտպանական կողմը, ո՛չ ամիս կա, ո՛չ ամսաթիվ, ո՛չ փաստաթղթին հատուկ որեւէ այլ ատրիբուտ։ Այդ «փաստաթղթով» իբր հիմնավորվում է, որ նախագահը 2008թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը «փաստացի ռազմական դրություն» էր մտցրել... ոչ թե հանրապետության տարածքում, ոչ թե մայրաքաղաքում, այլ Երեւանի փոքր կենտրոնում՝ չունենալով դրա իրավունքը։    Փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն սահմանված չէ, բայց դե ֆակտո ստեղծված է մի իրավիճակ, որտեղ առկա են ռազմական դրությանը բնորոշ հատկանիշներ։ Ռ.Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում վիճարկել են որպես սահմանադրական կարգի տապալման «իրեղեն ապացույց» ներկայացված սույն թեզը՝ պահանջելով, որ մեղադրող կողմը մեկ առ մեկ ցույց տա «փաստացի» մտցված ռազմական դրության հատկապես որ հատկանիշներն են առկա եղել Երեւանի փողոցներում ժամանակի տվյալ հատվածում։ Քանի որ այդպիսիք չկան ու չեն եղել, Վերաքննիչ դատարանն այս դեպքում էլ «համեստորեն» շրջանցել է պաշտպանական կողմի փաստարկները եւ հանգիստ խղճով «դակել է» առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցված համարված ի սկզբանե կեղծ վարկածը, թե «առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը սահմանել է փաստացի ռազմական դրություն»: «Սա ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ եւ չտեսնել պրոբլեմը։ Բայց դրանից պրոբլեմը չի վերանում՝ ջայլամն է դառնում ավելի խոցելի»,- նկատում է Հ.Ալումյանը։ Փաստաբանների մյուս փաստարկը, որ դատարանը նույնպես չտեսնելու է տվել, հետեւյալն է. եթե նույնիսկ ընդունենք, թե հուլիսի 27-ին, երբ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ վկայի կարգավիճակով եւ անմիջապես՝ առանց կես հարց տալու նշանակվել «գլխավոր մեղադրյալ», կալանավորման որոշումն արդարացված է եղել, դրանից չի հետեւում, թե խափանման նման միջոց կիրառելու «ելակետային պայմաններն» այս ընթացքում չեն փոխվել։ Դատարանը չի փորձել գնահատական տալ՝ այդ «պատմական պահից» չորսուկես ամիս անց դրա հիմքերը դեռ պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ, ինչը հակասում է արդար դատաքննության միջազգային պրակտիկային։ Եթե խնդիրն այն է, որ երկրորդ նախագահը կարող էր ինչ-որ կերպ խոչընդոտել քննությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին եւ նախադեպային որոշումներ կայացրել՝ փաստելով, որ քննությանը խոչընդոտելու հնարավորությունները ժամանակի ընթացքում նվազելու միտում ունեն։ Ինչո՞ւ՝ որովհետեւ քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ապացույցներ է ձեռք բերում, հարցաքննում վկաներին, եւ վկաներին ճնշելու, ապացույցները կոծկելու անհրաժեշտությունն ինքնին վերանում է. «Եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը ենթադրել է, որ հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը ճիշտ էր վարվել՝ բավարարելով պարոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, դրանից չի բխում, որ դեկտեմբերի 7-ին պարոն Քոչարյանը պետք է նորից վերցվեր կալանքի: Սա մենք բերել էինք որպես փաստարկ, բայց Վերաքննիչ դատարանը, դարձյալ ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվելով, տպավորություն է ստեղծել, թե չի տեսնում այս փաստարկը՝ որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել այս հարցին: Սա չի նշանակում, թե այդ փաստարկը չկա, նշանակում է, որ դատարանը եւս մեկ խախտում է թույլ տվել՝ խնդիրը լուծելու փոխարեն կրկնապատկել է այն»: Այս ամենը չի կարող իրավական հետեւանքներ չունենալ. «Նման բան հնարավոր չէ. դա, կարելի է ասել, նույնքան միանշանակ է, որքան այն, որ արեւը պետք է ծագի արեւելքից, եւ մայրամուտը պետք է լինի արեւմուտքում: Սա չի հանդուրժվելու՝ նախապես եմ ասում, հիմիկվանից եմ ասում, որպես փաստաբան եմ ասում։ Սա սպառնալիք չէ՝ բարի նպատակով, սիրով, շատ սիրելով զգուշացնում եմ. օրենքը այս կարգի խախտողները շուտով իրենք են փաստաբանի կարիք ունենալու, բանը մի հասցրեք դրան»,- աշխատանքը կորցնելու ահից «կարկամած» դատավորներին խորհուրդ է տալիս փաստաբանը։ Փաշինյանի ցանկություններն օդում բռնող եւ սրբորեն ի կատար ածող արդարադատության սպասավորները, հատկապես Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների դատավորները, որոնք, վստահ ենք, պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ չունեն, այսքան բանը չե՞ն հասկանում։ Չգիտե՞ն, որ անգամ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի պաշտպանների բողոքը կամ ոչինչ չասող հերթական լղոզված որոշումը կայացնի, Քոչարյանի «գործը» եւ ընտրովի արդարադատության մյուս գլուխգործոցներն աղմուկով պայթելու են Եվրոպական դատարանում՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։ Լա՛վ էլ գիտեն, լա՛վ էլ հասկանում են, բայց շարունակում են սպասարկել վարչապետի պաշտոնակատարի քմահաճույքները՝ դառնալով «անցումային արդարադատություն» կոչվող պատժիչ մեքենայի մի մասը։ Թեեւ, հանուն արդարության, պետք է ասել, որ դեռ կան բարեխիղճ մարդիկ, որոնք համարձակվում են Փաշինյանի ասածին «չէ» ասել. «Մարտի 1»-ի վարույթն իրականացրած քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորների օրինակը վկա»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am