Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը: Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները: Գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չպետք է շտապի և հանրային լայն քննարկման հարց դարձնի նորաստեղծ կառավարության համակարգը: Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ: ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի և գործի նոր թափով, նոր որակով: Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ 21.12.2018թ.
