Թուրքիայի կառավարությանը կոչ է արել վերականգնել մահապատիժը
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կառավարությանը կոչ է արել վերականգնել ահաբեկիչների նկատմամբ մահապատիժը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում մահապատժի չեղյալ հայտարարումը արձակել է ահաբեկիչների ձեռքերը։ 2015 թվականի փետրվարի 16-ին Թուրքիայի խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ահմեթ Իյմայան հայտարարել է, որ խորհրդարանը կարող է քննարկել երկրում մահապատժի վերականգնման հարցը։ Ինչպես նշում է նա՝ մահապատիժը կարող է կիրառվել կանանց հանդեպ բռնությունների, ինչպես նաև հատուկ դաժանությամբ սպանությունների դեպքում։ Այդ հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Մերսին նահանգում բռնաբարել ու սպանել էին 20-ամյա ուսանողուհի Օզգեջան Արսլանին։ Թուրքիայում մահապատիժը վերացել է 2001 թվականին, ընդ որում՝ այն երկրում չի կիրառվել 1986 թվականից։
