Հյուսիսային Կորեան պատրաստվում է սովի
Հյուսիսային Կորեայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է անում պատրաստվել սովի և տնտեսական ծանր վիճակի: Այս մասին գրում է The Telegraph-ը: Նշվում է, որ այդպիսի հայտարարություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի կուսակցական թերթի վերջին համարներից մեկում: Հնարավոր է՝ երկրում իրավիճակի վրա ազդել են ՄԱԿ-ի կողմից մեկ ամսից պակաս ժամանակ առաջ սահմանված աննախադեպ խիստ պատժամիջոցները, որոնք պատասխանն են այս տարվա սկզբին Փխենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման և հեռահար հրթիռի արձակման: Թերթի հաղորդմամբ՝ երկիրը կարող է բախվել 90-ականների սովին, որը պայմանավորված է եղել երաշտով և խլել է մոտ 3 մլն հյուսիսկորեացու կյանք: Սակայն կառավարական ԶԼՄ-ներն իրենց ժողովրդին կոչ են անում չհուսահատվել, քանի որ «հեղափոխության ճանապարհը երկար ու դժվարին է»: Պարբերականը նաև նշում է, որ այսուհետ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի բնակիչները պարտավոր կլինեն ամեն ամիս պետական պահեստներ հանձնել մոտ 2 ֆունտ բրինձ:
