Ֆրանսիան չի ընդունել Թուրքիայի իշխանությունների քննադատությունը
Ֆրանսիան չի ընդունել Թուրքիայի իշխանությունների քննադատությունը, որոնք դժգոհ են եղել Ստամբուլում երկու ընդդիմադիր լրագրողների դատավարությանը արտասահմանյան դիվանագետների ներկայությունից, հայտնում է RIA Novosti-ն: Թուրքիայի ԱԳՆ-ն երեքշաբթի մի շարք երկրների դեսպանատներ բողոք է ուղարկել այն բանի առնչությամբ, որ նրանց ներկայացուցիչները ներկա են եղել դատավարությանը: «Դիվանագետները հետևում են այն երկրի նորություններին, որտեղ ապրում են, և այդ ենթատեքստով նրանք պլանային ձևով հաճախում են դատական լսումներին՝ որպես դիտորդներ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում: Cumhuriyet ընդդիմադիր պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում պարբերականի բյուրոյի պետ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են 2015 թվականի նոյեմբերի 26-ին լրտեսության մեղադրանքով: Ստամբուլի դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ բանտարկություն:
