Լարսի ռուսական հատվածում հերթը 2-2.5 կիլոմետր է.ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն
«Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով: Հերթի գոյացումը հիմնականում վերաբերվում է բեռնատարներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան: Անցակետի վրացական հատվածից ստացված տեղեկատվության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով անցումը Գուդաորի-Կոբի հատվածում արգելված է, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: «Դրանով պայմանավորված կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասաց Աննա Նաղդալյանը:
