Հանդիպել են իսլամական կոալիցիայի երկրների զորավարները
Իսլամական կոալիցիայի մասնակից երկրների գլխավոր շտաբների ղեկավարները Էր Ռիադում անցկացրել են իրենց առաջին հանդիպումը` պաշտպանության նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում, հայտնում է RIA Novosti-ն: Դեկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարել է իսլամական ռազմական կոալիցիա ստեղծելու մասին 34 երկրների մասնակցությամբ` ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Կիրակի օրվա հանդիպմանը մասնակցել են 39 երկրների գլխավոր շտաբների ղեկավարներ, որոնցից 5-ը կոալիցիայի անդամներ չեն: Նիստից հետո զորավարների հետ հանդիպել է թագավորության պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Ինչպես ընդգծել է նրա խորհրդականը, կոալիցիան մտադիր է պայքարել ոչ միայն ԴԱԻՇ-ի, այլ նաև բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Երկրները փորձել են մշակել գործողությունների միասնական պլան և պայմանավորվել են հետախուզական տվյալների փոխանակման հարցում:
