Կրակոցների ու լռության արանքում

hayzinvor.am կայքը գրում է. «Երեք օր է՝ չեն կրակել»,-ասում է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում: Փոխգնդապետը պետք է ստուգի առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքները, կրակի վարման եւ դիտարկման համակարգերը, անձնակազմի տրամադրությունը. ծառայությունը մնում է ծառայություն՝ նույնիսկ եթե չեն կրակում: Հեռվում էքսկավատորը փորում է հողը: Մեկը մյուսի հետեւից ձգվող հողաթմբերը ուղտերի քարավան են հիշեցնում: Այլընտրանքային երթուղին է, որ հակառակորդի աչքի համար անտեսանելի է դարձնելու տեխնիկայի շարժը: Մեր մեքենան կանգ է առնում: Մի երկու բառ ենք փոխանակում ճանապարհը կառուցող Նիկոլայ դայու հետ: Խոսում է աշխուժությամբ, թեեւ առավոտյան ժամը յոթից աշխատում է: Տեղանքը դիտարկվող է, ինքն իրեն քողարկելով է առաջանում. «Օրը վեց ժամ փորում եմ: Տեխնիկան բանակինն է: Փառք Աստծո, «պադվադիտ» չի անում: Քանի կյանքս հերիքում է, իմ «ամագը» թողնեմ: Ո՞վ ենք մենք առանց բանակի, առանց զինվորի, առանց պինդ սահմանի,-դեղին էքսկավատորի ալեհեր վարպետը հարց է տալիս, ապա, ուսերը թերահավատ վեր քաշելով, ինքն էլ պատասխանում,- տուն` առանց կտուրի»: Փոխգնդապետ Օհանյանը Նիկոլայ դայուն մի քանի գործնական խորհուրդ է տալիս, նաեւ՝ գովասանքի խոսք ասում: Եվ էքսկավատորն ավելի մեծ եռանդով է շարունակում աշխատանքը. «շերեփով» վերցնում է հողն ու լցնում նոր գոյացող թմբի վրա: Եվ այդպես նորից, նորից ու նորից: Մեքենան սլանում է անվերջ թվացող ճանապարհով: Հասնում ենք բարձունքին: Այստեղ է տեղակայված նորակառույց կետը: Տեղանքը պատահական չէ ընտրված՝ լայնածավալ տեսադաշտ է ապահովում: Ընդարձակ շինություն է՝ հարմար դիտակետերով: Պատերը շարված են խնամքով՝ ծածկված թարմ ծեփով: Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Ղահրամանյանն է կազմակերպում շինարարական աշխատանքը: Վստահեցնում է՝ այսօր գործը կավարտեն: Ինքն էլ փոշոտ է ու քրտնած. զինվորների հետ հավասար գործ է անում: «Ամրոցի նման ամուր է: Պիտի հուսալի լինի,-խոսքն ավարտելուն պես կապիտանը հրահանգներ է տալիս իր զինվորներին,-քար բերեք, շաղախ սարքեք»: Եվ տղաները միանգամից հողի վրա՝ մի կլոր տեղ բացած, իրար են խառնում կիրն ու ավազը: Սրտանց են աշխատում՝ ասես իրենց սեփական տունը կառուցեն: Մեր մուգ կապույտ «ուազը» սլանում է մի ճանապարհով, որ ժամանակին Բաքու էր տանում: Հիմա ինձ ուղեկցող զինվորականները կարծես չեն հավատում, որ այս ճանապարհը կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը: Նկուղ հիշեցնող գետնափոր կառույցի մուտքի մոտ ենք: Այս շինությունը ներսից ստորգետնյա թագավորության է նման՝ բարձր առաստաղով, առանձնացված սենյակներով: Շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Մոնիտորի դիմաց մայոր Գրիգորի Արշակյանն է՝ ստուգում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին տարբեր ստորաբաժանումներից ստացվող պատկերներ են՝ առցանց ռեժիմով: Հակառակորդի ցերեկային եւ գիշերային տեղաշարժերը վերահսկվում են մեծ խորությամբ: Իսկ թե համակարգը հանկարծ խափանվի, անսարքությունը րոպեներ անց կվերացվի: «Տեսադիտարկման համակարգը պարբերաբար թարմացվում է՝ տեսախցիկները նոր են, ավելի որակյալ: Հակառակորդը, իհարկե, կրակել է, փորձել է վնասել, բայց չի հաջողվել,-ասում է մայոր Արշակյանն ու ցույց տալիս ադրբեջանական բազան: -Սա էլ նրանց թիկունքային ապահովման կետն է, այն մեկն էլ՝ հրետանային ստորաբաժանումը: Շարժ չկա: Երեկ, սակայն, շարասյան պոչը չէր երեւում՝ զրահամեքենաներ, հրանոթներ էին տեղաշարժում»: Հասկանում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում այսօր, վաղը, հաջորդ րոպեին. առաջնագծի խաղաղ շնչի մեջ միշտ մի քիչ տագնապ կա: Դիրքեր թեքվող ճամփաբաժնին մի անսովոր մեքենա է երեւում. շրջիկ բաղնիքն է: Մարտական հերթապահության օրերի ընթացքում զինվորներն երկու անգամ լողանալու հնարավորություն ունեն: «Քիչ չէ՞»,-մտորում եմ: Փոխգնդապետ Օհանյանը բացատրում է, որ լոգանք կազմակերպելը բարդ է, որ մի առանձին մեքենայով էլ ջուրն են հասցնում, որ հիգիենիկ պահանջները պահպանելու համար նաեւ բուժանձնակազմն է ներգրավվում: «Բայց տղաները ոնց են սիրունանում-թարմանում: Ջուրը քշում-տանում է քրտինքը, փոշին, հոգնածությունը, ծանր մտքերը»,-ասում է հրամանատարը: Վերեւում ենք: Առաջին հայացքից սովորական դիրք է՝ անվադողերով ամրացված հողաթմբերով: Բայց որտեղի՞ց սեխի այս անուշ, թարմացնող բույրը: Դիրքի ավագը՝ Վաչեն, ցույց է տալիս ձմերուկի ու սեխի փարթամ թփերը, որ փռել են փեշերը, փաթաթվել հողին: Զինվորն ասում է՝ հողը չպիտի անբույս լինի, անբնական է: Դրա համար էլ դիրքամերձ փոքրիկ հողակտորում սեխ ու ձմերուկ են աճեցնում, եւ երբ որեւէ մեկը գալիս է այցելության, անպայման հյուրասիրում են կրակոցների տակ հասունացած բարիքներից: Գուցե հենց այսպես է փոշեթաթախ տարածությունը հայրենիք դառնում: Խրամատ բարձրանալուց առաջ կանգ ենք առնում փոքրիկ ծածկի տակ. աղոթատեղին է՝ մոմի ու խնկի բույրով: Ծխակալած պատերից մեզ են նայում գունատ սրբապատկերներ, փայտե ձեռակերտ խաչեր: Հավատի այս փոքրիկ տաճարում «Հայր մերն» արտասանելիս ինչի՞ մասին են մտածում տղաները, ինչի՞ մասին են երազում, ի՞նչ են խնդրում բարձրյալից: Աչքովս է ընկնում անվարժ ձեռագրով գրված գրությունը. «Աստված պահապան բոլոր հայրերին ու մայրերին»: Վաչեն էլի բանաձեւում է. «Որպեսզի փորձանքի չգաս՝ պիտի հավատաս, որ վերեւից մեկը քեզ պահում է»: Պատմում է, որ հակառակորդի զինվորներն էլ են հաճախ բարձրաձայն աղոթում. «Իրենք իրենց աստվածն ունեն, մենք՝ մերը»,-ասում է դիրքի ավագն ու առաջանում նեղլիկ խրամատով: Դիտարկում կատարողը դասակի հրամանատարն է՝ ավագ լեյտենանտ Դավիթ Զաքարյանը: Նրա համար ապահովության երաշխիքը լավ կահավորված դիրքն է: Ասում է՝ եթե զինվորն իրեն անվտանգ զգաց խրամաբջիջում, ուրեմն հոգեպես էլ կամրապնդվի: Շատ է զրուցում տղաների հետ, բացատրում, հաճախ էլ խնդրում, որ դիտարկվող հատվածներ դուրս չգան, որ շրջանցեն ականապատ տեղանքը: Ասում է՝ գուցե հոգնածությունն է պատճառը, կա՛մ վախը հաղթահարելու ցանկությունը, կա՛մ անտարբերությունը, որ զինվորները խախտում են անվտանգության սահմանված կանոնները: Երիտասարդ հրամանատարը իրենից գրեթե չի խոսում, միայն. «Էստեղ համոզվել եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»: Դիրքապահ Ռոբերտն էլ է որոշել զորացրվելուց հետո ծառայության անցնել. «Երբ համազգեստով եմ, մարդիկ ավելի սիրալիր են: Արձակուրդին քաղաք գնացի, գազելի վարորդը տոմսի գումարը չվերցրեց, մի տարիքով կին էլ հարցրեց՝ որտեղ եմ ծառայում, ու պաչեց ճակատս, թե՝ Աստված հետդ»,-զինվորի զգաստ դեմքին այնքան ջերմ ժպիտ է ուրվագծվում: Հրաժեշտից առաջ հավաքվում ենք բացօթյա սեղանի շուրջ: Տղաները հյութ են լցնում խոշոր բաժակների մեջ, Աշոտը իր պատրաստած սուրճն է հյուրասիրում, Արայիկն էլ սեղանին է դնում քաղցր սեխն ու ձմերուկը: Իսկ փոխգնդապետ Օհանյանի անխորտակ խստությունը միանգամից մեղմվում է իր զինվորների հետ անկաշկանդ զրույցից:  

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am