Մարկին. Խոդորկովսկին չի վճարել
Քննիչները շուտով կկարողանան ապացուցել, որ ՅՈւԿՕՍ-ի սեփականաշնորհումը ապօրինի է եղել: Այս մասին «Վեստի ԷՖ ԷՄ» –ի եթերում հայտնել է Ռուսաստանի Քննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նա հավելել է, որ «սա այն դեպքն է, որը կարելի է բնութագրել այսպես՝ բոլորը գիտեն, բայց ապացուցել չեն կարող»: Մարկինը տեսակետ է հայտնել, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին «ընկերության բաժնետոմսերի գնման համար ոչ մի կոպեկ չի վճարել»: Մարտի 23-ին հայտնի է դարձել, որ ՌԴ իրավապահ մարմինները տեղեկություններ ունեն այն մասին, որ ՅՈւԿՕՍ-ի բաժնետոմսերը ապօրինի ճանապարհով են ձեռք բերել այն թոփ մենեջերները, որոնք Ռուսաստանի դեմ 50 մլրդ դոլարի հայց են ներկայացրել: Դրա ապացույցները կարող են հիմք դառնալ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, նաեւ ընկերության թոփ մենեջերներին նոր մեղադրանքներ առաջադրելու համար, «Ինտերֆաքսին» պատմել է գործին լավատեղյակ աղբյուրը:
