Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ: «Եթե 334-ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,- ասաց նա: Ասուլիսին Վարդան Մինասիչն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը: Ըստ մեր աղբյուրների` անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաև թիմի բուն կորիզը` անունները: Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը: Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության և, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որևէ հարցից չի խուսափելու: Կլինե՞ն այդպիսին նաև նրա թիմի անդամները, կերևա առաջիկայում:
