Կիլիկիո կաթողիկոսությունը դիմում է ներկայացրել Թուրքիայի ՍԴ
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, հայցի քննության պահանջով նոր դիմում է ներկայացրել: Դիմումով թուրքական բարձրագույն դատարանից խնդրվում է Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել: Ըստ աղբյուրի, 2-րդ դիմումը ներկայացվել է 2 շաբաթ առաջ Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից: Փաստաբան Սոֆուօղլուն ասել է, որ այս հայցը միտված է ընդհամենը գույքի վերադարձին և անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի: «Եթե հաղթենք, կդիմենք առաջին ատյանի դատարան, որպեսզի ի կատար ածվի սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դեպքում կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Սոֆուօղլուն: Վերջինս փոխանցել է նաև Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի ուղերձը, որում մասնավորապես ասվել է. «Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկություն չենք անելու: Չենք ընդունում ոչ վերականգնման, ոչ մեր այցելությունների համար տրամադրելու և ոչ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքերը, որոնք ավելի քան 800 տարի մեզ են պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»:
