Երբ դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսը և Վազաշենը գնդակոծվում էին. Եսայանը՝ Փաշինյանին
Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տավուշում սահմանային իրավիճակի մասին: «Այն պահին, երբ դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսը և Վազաշենը գնդակոծվում էին, ի՞նչ տեղեկություններ ունեք՝ ի՛նչ վիճակ է այնտեղ, որպես վարչապետ չե՞ք պատրաստվում այցելել Տավուշի մարզ»: Հարցին ի պատասխան վարչապետը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերը օպերատիվ արձագանքել են այդ գյուղերի կրակոցներին և լռեցրել են կրակակետերը: Երկրորդ՝ ես արդեն եղել եմ սահմանամերձ Տավուշում, Բաղանիսում հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և, իհարկե, կարևորում եմ սահմանամերձ գյուղերում ստեղծված իրավիճակը: Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել Երևանի և Հայաստանի փողոցներում: Եթե, ասենք, օրինակ՝ որևէ ֆեյսբուքյան խմբում անկայուն իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում վիճակը անկայուն է: Ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է»:
