Գտել եմ այն մարդուն, ում հետ ես ինձ վատ չեմ զգում
Ընտրական օրենսգրքի նախագիծն այնպես է խճճված, որ պետք է առնվազն իրավաբան լինես, որ հասկանաս, թե ինչ են քննարկում եւ վերջում ինչ են ստանալու: Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա մոտ տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ ընտրություններին ընդառաջ կուսակցությունները գնան արհեստական մեծացման: «Ինչո՞ւ արհեստական, որովհետեւ դաշինքների մեջ պետք է մտնեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրագրավի շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, ինչպես նաեւ չունեն հնարավորություն բոլոր մարզերում առնվազն 5 թեկնածու ներկայացնելու: Դա իրականությունն է»,- ասաց նա: Հարցին, թե եթե հաշվի առնելով ՀԱԿ-ի հետ վատ հարաբերությունները այդ կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին չմասնակցի, ո՞ր կուսակցության ցուցակով կմասնակցի՝ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, որ ես նման ցանկություն ունեմ ...Ոչ մի բան չեմ բացառում, բանակցություններ են գնում, քննարկումներ են գնում: Պիտի ասեմ, որ բանակցությունները հիմնականում ընթանում են Ընտրական օրենսգրքի շուրջ: Նախ ասեմ, որ ես չեմ մտածում, որ ես պետք է ներառվեմ ուրիշների ցուցակում: Խոսքը վերաբերում է քաղաքական դաշինքներին: Եթե այդ հնարավորությունը կլինի, որ ՎՍԴՀԿ-ն դաշինքով մասնակցի ընտրություններին՝ մեզ համար առաջնային նպատակը դա է»: Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ դաշինքն կազմվի՝ Սարգսյանը պատասխանեց. «Առայժմ նման բան չկա: Մենք երկուսս էլ կուսակցապետեր ենք, երկուսս էլ ուժեղ կանայք ենք եւ անձամբ ես սիրում եմ ուժեղների հետ գործ ունենալ: Շատ բնական մարդկային հարաբերություններ են: Չմոռանանք, որ Ազգային ժողովում ուժեղ քաղաքական կանայք այնքան էլ շատ չեն, որոնց մի մասին ես այնքան էլ չեմ ընդունում, հետեւաբար գտել եմ այն մարդուն, եւ ինքն էլ ինձ է գտել, ում հետ ես ինձ վատ չեմ զգում շփման մեջ...Այսպես ասեմ՝ ունեմ համակրանք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ»:
