Երկու ռուս զինծառայող`Սավչենկոյի դիմաց
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում կալանավորված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին փոխանակել Ռուսաստանում դատապարտված Նադեժդա Սավչենկոյի հետ: Այս մասին նա հայտարարել է Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումից հետո: «Ես պատրաստ եմ Ռուսաստանին փոխանցել Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի մասնակցելու համար մեր տարածքում ձերբակալված ռուսաստանցի երկու զինծառայողներին: Նրանց նկատմամբ դատավարությունը գտնվում է եզրափակիչ փուլում: Դրա ավարտից հետո պատրաստ եմ համապատասխան գործընթացների իրականացման միջոցով ապահովել Ռուսաստան նրանց մեկնումը»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ դա համապատասխանում է Մինսկի համաձայնությունների վեցերորդ կետին՝ բոլորին բոլորի հետ փոխանակելու մասին: Ըստ ՏԱՍՍ-ի, Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Սավչենկոյի դատավճռի արդարացիությունը:
