Ռոբերտ Քոչարյանը չի հրամայել իրավապահներին մարտի 1-ի առավոտյան մտնել Ազատության հրապարակ. Արամ Օրբելյան (video)
Քննչական մարմինը հեռախոսով է տեղեկացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որոշումը փաստաբանական խումբը դեռ չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը: «Կարծում ենք, որ օրինական չի: Որոշումը կտեսնենք, դրանից հետո ավելի մանրամասն գնահատական կտանք: Եթե այն է, ինչ կարծում ենք, կբողոքարկվի»,- ասաց Ա.Օրբելյանը: Այնուհետև նա նշեց, որ օրերս ՀԾՔ տարածած այն հաղորդագրության մասով, թե Մարտի մեկի գործով բացահայտվել է, որ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փաստաթղթեր են կեղծվել, Քոչարյանը որևէ կարգավիճակ չունի: «Այդ էպիզոդը որևէ առնչություն չունի մեր պաշտպանյալի հետ: Մեր պաշտպանյալի հետ դա չենք քննարկել: Կա կոնկրետ քրեական գործ, կան մեղադրանքներ, և գործը քննվում է կոնկրետ մեղադրանքների շրջանակներում»,- ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ ՀՔԾ այդ հաղորդագրությունից պարզ չէր՝ երբ են կեղծվել փաստաթղթերը, խոսքը գնում է այն մասին, որ փաստաթղթերը կեղծվել են 2008 թվականի փետրվարի՞ն, թե՞ ավելի ուշ:
