«Շատ կարևոր է, որ բոլոր խաղերը հաղթենք». Վարդան Մինասյան
Սեպտեմբերի 6-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումից մեկ օր առաջ երկու հավաքականները նախախաղային մարզում անցկացրին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ թիմերի գլխավոր մարզիչները կիսվեցին առաջիկա մրցակցության մասին: «Հոգեբանորեն լավ են զգում տղաները: Հուսով եմ՝ այս ամենը կտեղափոխվի խաղադաշտ: Որոշ ֆուտբոլիստներ մեզ չկարողացան միանալ, հուսամ՝ մյուս խաղին կմիանան: Խաղից առաջ մրցակցի մասին չեմ ցանկանում խոսել: Մենք ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ: Շատ կարևոր է, որ բոլոր խաղերը հաղթենք»,- ասել է Վարդան Մինասյանը : Ռենե Պաուրիչ (Լիխտեյնշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ). «Մենք մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը: Այն ունի լավ հարձակման գիծ: Բացի Հենրիխ Մխիթարյանից, ըստ իս, շատ վտանգավոր խաղացող է նաեւ Իվան Յագանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք հիմնականում կպաշտպանվենք, բայց միաժամանակ կփորձենք պաշտպանությունից արագ անցնել հակագրոհների»:
