Սաակաշվիլին քիչ էր մնում կորցներ կնոջն ու որդուն՝ Բրյուսելի օդանավակայանում պայթյունների պատճառով
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կինն ու որդին մի քանի ժամ եղել են Բրյուսելի օդանավակայանի տերմինալում, որտեղ այսօր տեղի է ունեցել ահաբեկչություն: Քաղաքական գործչի ընտանիքը հասցրել է թռչել պայթյունից մի քանի ժամ առաջ: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում: «Դա սարսափելի ողբերգություն է, և ցավոք սրտի, ըստ երևույթին, ոչ վերջինը: Հարկ է նշել, որ այլ պատճառներից զատ, դա չափազանց մեծ բյուրոկրատիայի, անկազմակերպվածության և դժվարին որոշումներ կայացնելու անկարողության արդյունքն է», - հավելել է նա: Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Բրյուսելի օդանավակայանում, որտեղ երկու պայթյուններ են որոտացել: Ավելի ուշ, ևս երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյում: Ըստ վերջին տվյալների, պայթյունների զոհերի թիվը հասել է 21-ի:
