Նադեժդա Սավչենկոն դատապարտվեց
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման, հայտնում է LifeNews-ը: Սավչենկոն իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի բանտում: Դատարանի վճռի համաձայն՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել լրագրողներ Իգոր Կոռնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ սպանության փորձի ու ՌԴ-ի սահմանը անօրինական կերպով հատելու մեջ: Դատարանը հայտարարել է, որ ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն է: Սավչենկոն մեղադրվում էր ՌԴ ՔՕ 3 հոդվածներով՝ «Սպանություն», «Սպանության փորձ» և «Սահմանի անօրինական հատում»: Դատական պրոցեսը նրա նկատմամբ սկսվել է անցած տարվա սեպտեմբերի 22-ին:
