«Գնդակը ձեր դաշտում է». Լ. Զուրաբյան
«Մենք շատ հետևողական ենք լինելու 4+4+4 ֆորմատով բանակցություններ վարելու հարցում», -այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով օրինագծի հեղինակ Դավիթ Հարությունյանին՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Կոնսենսուսի պլատֆորմը ձևավորվել է, միավորում է քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փուլում է ֆորմատի ձևավորումը: Գնդակը ձեր դաշտում է»,- հայտարարեց նա: ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը, խոսելով 4+4+4 ֆորմատով բանակցությունների առաջարկի մասին, ասաց, որ ինքը դրան դրական է արձագանքել՝ երկու պայմանով. «Առաջին պայմանն այն է, որ որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա ուզուրպացնել քննարկումները ու ներկայացնել միմիայն այդ ֆորմատում, որովհետև դրանք լավագույնս չեն ներկայացնում ամբողջ քաղհասարակությունը: Եվ երկրորդ նախապայմանը՝ որպեսզի որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի ենթադրելու, որ 4+4+4 ֆորմատում քվեարկությամբ որոշվելու են հարցեր, թե ինչպես է փոխվում նախագիծը»:
