Վերադարձնում է համաշխարհային հզոր տերության իր կարգավիճակը
Ռուսաստանը վերադարձնում է հզոր համաշխարհային տերության իր կարգավիճակը, գրում է Le Monde-ն։ Թերթը նշում է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանը կարողացել է նշել 2 ծանրակշիռ իրադարձություն. Սիրիայից օդատիեզերական ուժերի դուրսբերումը եւ Ղրիմը վերադարձնելու 2-րդ տարեդարձը։ Պարբերականի տեսաբանի կարծիքով առաջին իրադարձությունն ավելի հաղթարշավային է, քան երկրորդը։ Սակայն միասին դրանք ռուսական հասարակության համար խորհրդանշում են նաեւ երրորդ վերադարձը՝ երկրի երբեմնի հզորության վերականգնումը։ Պարբերականը նշում է Սիրիայում Ռուսաստանի գրանցած հաջողությունները. ՌԴ-ն կարողացավ ոչ միայն հասնել իր առջեւ դրված նպատակներին, այլ նաեւ ցուցադրել իր ռազմական արդյունաբերությունը։ Օդատիեզերական ուժերի դուրսբերումը պարտություն չի նշանակում, քանի որ Ռուսաստանը պահպանում է Տարտուսում ռազմածովային բազան եւ Հմեյմինի օդային բազան, շարունակում է Le Monde-ն։ Թերթը նաեւ ընդգծում է, որ ամեն դեպքում չլուծված հարցեր են մնացել։ Դեռ վաղ է խոսել Սիրիայի ճգնաժամի վերջնական լուծման մասին, իսկ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն ավելի վատ լինել չեն կարող։ Սակայն ուժեղ Ռուսաստանը նոր իրողություն է, որի հետ Արեւմուտքը ստիպված է հաշվի նստել։
