SOS Գյումրի. Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակը. մեկնարկային գինը՝ 35.000 դրամ
SOS Գյումրի նախաձեռնությունն աճուրդի է հանել առաջին լոտը, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Գյումրիի անօթևան 13 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Ըստ նախաձեռնողների՝ աճուրդի առաջին փուլն անցկացվելու է առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Եվ այսպես, առաջին լոտը ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի գնդակն է: Մեկնարկեց SOS Gyumri բարեգործական աճուրդի 1-ին փուլը (անցկացվելու է առցանց) «Լոտ N1 Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակը. մեկնարկային գինը՝ 35․000 դրամ։ Հայկական արմատներով ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 1998թ․ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 2000թ․ չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականում հարձակվողն 82 խաղում խփել է 28 գոլ։ Ակումբային կարիերայում Ջորկաեֆը հանդես է եկել նաև «Մոնակոյում», «Պարի Սեն-Ժերմենում» և «Ինտերում»։ Մարզական կարիերայում անցկացրած 581 խաղում նա խփել է 196 գոլ։ Կանոնակարգ․ Մեկնաբանությունների դաշտում, գնից բացի, ցանկացած այլ գրառում կհեռացվի, նվազագույն քայլը 1000 դրամ է, լոտը կվաճառվի վերջին նշված գնից 48 ժամ հետո: Եղեք ակտիվ»,-գրված է SOS Գյումրիի ֆեյսբուքյան էջում:
