Մանրամասներ`հոշոտված կնոջ առողջական վիճակի մասին
Ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: «Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Իսկ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց: Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով:
