Եթե Զոհրաբյանն այդ թուղթը տաներ Արագածի սեգ գագաթին, ես պիտի գնայի ու վերցնեի՞. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ նախկին անդամ Գևորգ Պետրոսյանը կուսակցության շարքեր է վերադարձել 2015 թվականին՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրավերով, սակայն պայմանով, որ պետք է ազատ լինի իր տեսակետի արտահայտման հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների դոցենտ, ԲՀԿ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ` իր և Զոհրաբյանի միջև խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ ընդդիմանալով ԲՀԿ նախագահին` չի համաձայնել կուսակցության արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, որի նպատակն է եղել ավելացնել կուսակցության նախագահի լիազորությունները: «Զոհրաբյանը մինչև այս պահն ինձ չի ներկայացրել հեռացման պատճառները:Նա ինչ-որ հրապարակումներում ասել է, թե թուղթը կուսակցության գրասենյակում է, թող գնա և վերցնի: Ասենք, թե նա այդ թուղթը տարել է Արագածի սեգ գագաթին, ես պիտի գնայի ու վերցնեի՞: Ես դատարանում կբողոքեմ: Սա միակ իմ պայքարը չէ, սա ԲՀԿ մի շարք անդամների պայքարն է ԲՀԿ նախագահի անհեռատես քաղաքականության դեմ»,- նշեց ԲՀԿ նախկին անդամը: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որից հետո, դիմելով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, խնդրել էր բացատրել իր հեռացման պատճառը: Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նա հարցազրույցներում քննադատել էր Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականությունը և, մասնավորապես, կոալիցիա չմտնելու որոշումը:
