ԵՄ-ն պնդում է՝ Սավչենկոյին ազատ արձակել
Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի գործով ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է մնում Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության գործով նրան մեղավոր ճանաչելուց հետո էլ: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունում մարտի 21-ին: «ԵՄ-ն պնդում է Սավչենկոյին ազատ արձակելու հարցում՝ չնայած մեղադրական դատավճռին: Նրան անօրինականորեն կալանքի տակ պահելը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին»,- INTERFAX-ին ասել են ԵՄ ներկայացուցչությունում: ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխաիլ Ֆեդոտովն էլ կարծում է, որ Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումը հնարավորություն կտա սկսել այն փոխելու գործընթացը Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան: Նրա խոսքով՝ եթե դատարանի որոշումը չբողոքարկվի, 10 օր հետո, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, հնարավոր կլինի Սավչենկոյին Ուկրաինայում ձերբակալված ռուս քաղաքացիներով փոխելու հարցի քննարկումը:
